
- Մարիամի երկրային կյանքի ավարտի վերաբերյալ Խորհուրդը կրկնում է Վերափոխման դավանանքի սահմանման Բուլլայի ձևակերպումները և հաստատում է. «Անարատ Կույսը, սկզբնական մեղքի որևէ բծից զերծ պահված, իր երկրային կյանքի ընթացքն ավարտելուց հետո, մարմնով և հոգով վերառվեց երկնային փառքի մեջ» (Lumen Gentium, 59)։ Այս ձևակերպմամբ «Lumen gentium» դոգմատիկ Սահմանադրությունը, հետևելով իմ Պատկառելի Նախորդ Պիոս XII-ին, դիրքորոշում չի հայտնում Մարիամի մահվան հարցի վերաբերյալ։ Սակայն Պիոս XII-ը նպատակ չուներ ժխտելու մահվան փաստը, այլ միայն նպատակահարմար չհամարեց հանդիսավոր կերպով հաստատել, որպես ճշմարտություն, որը պետք է ընդունվեր բոլոր հավատացյալների կողմից, Աստվածամոր մահը։ Որոշ աստվածաբաններ, իսկապես, պաշտպանել են Կույսի՝ մահից ազատված լինելու և երկրային կյանքից անմիջապես երկնային փառքի անցնելու տեսակետը։ Սակայն այս կարծիքն անհայտ է մինչև XVII դարը, մինչդեռ իրականում գոյություն ունի ընդհանուր ավանդություն, որը Մարիամի մահը տեսնում է որպես նրա մուտքը երկնային փառքի։
- Հնարավո՞ր է, որ Նազարեթցի Մարիամն իր մարմնով ապրել է մահվան ողբերգությունը։ Մտածելով Մարիամի ճակատագրի և իր աստվածային Որդու հետ նրա հարաբերության մասին՝ օրինաչափ է թվում դրական պատասխան տալը. քանի որ Քրիստոսը մահացավ, դժվար կլիներ հակառակը պնդել Մոր վերաբերյալ։ Այս իմաստով են մտածել Եկեղեցու Հայրերը, որոնք այս հարցում որևէ կասկած չեն ունեցել։ Բավական է հիշատակել Սուրբ Հակոբ Սարուգացուն (+ 521), որի համաձայն՝ «տասներկու Առաքյալների դասը», երբ Մարիամի համար հասավ «բոլոր սերունդների ճանապարհով քայլելու» ժամանակը, այսինքն՝ մահվան ճանապարհը, հավաքվեց թաղելու «Օրհնյալի կույսական մարմինը» (Discorso sulla sepoltura della Santa Genitrice di Dio, 87-99 in C. VONA, Lateranum 19 [1953], 188)։ Երուսաղեմի Սուրբ Մոդեստոսը (+ 634), «Աստվածածնի ամենաերանելի և ամենափառավոր ննջման» մասին լայնորեն խոսելուց հետո, իր «գովեստը» եզրափակում է՝ մեծարելով Քրիստոսի հրաշագործ միջամտությունը, որով Նա «նրան հարություն տվեց գերեզմանից», որպեսզի Իր հետ վերցնի նրան փառքի մեջ (San Modesto di Gerusalemme, Enc. in dormitionem Deiparae semperque Virginis Mariae, nn. 7 e 14: PG 86 bis, 3293; 3311)։ Սուրբ Հովհաննես Դամասկացին (+ 704), իր հերթին, հարցնում է. «Ինչպե՞ս կարող է պատահել, որ նա, ով ծննդաբերության ժամանակ անցավ բնության բոլոր սահմաններից այն կողմ, այժմ ենթարկվի նրա օրենքներին, և նրա անարատ մարմինը ենթարկվի մահվան»։ Եվ պատասխանում է. «Անշուշտ, անհրաժեշտ էր, որ մահկանացու մասը դրվեր մի կողմ՝ անմահությամբ զգեստավորվելու համար, քանի որ բնության Տերն էլ չմերժեց մահվան փորձառությունը։ Նա, իսկապես, մարմնով մեռնում է և իր մահով կործանում մահը, ապականությանը պարգևում է անապականություն և մահը դարձնում հարության աղբյուր»։ (San Giovanni Damasceno, Panegirico sulla Dormizione della Madre di Dio, 10: SC 80,107)։
- Ճիշտ է, որ Հայտնության մեջ մահը ներկայացվում է որպես մեղքի պատիժ։ Սակայն այն փաստը, որ Եկեղեցին Մարիամին հռչակում է սկզբնական մեղքից ազատված՝ աստվածային բացառիկ արտոնությամբ, չի հանգեցնում այն եզրակացության, թե նա ստացել էր նաև մարմնական անմահություն։ Մայրը Որդուց վեր չէ, որը ընդունեց մահը՝ նրան տալով նոր իմաստ և այն վերածելով փրկության միջոցի։ Փրկագործական գործի մեջ ներգրավված և Քրիստոսի փրկարար ընծային միավորված՝ Մարիամը կարող էր կիսել տառապանքն ու մահը՝ մարդկության փրկության համար։ Նրա նկատմամբ ևս կիրառելի է այն, ինչ Անտիոքի Սևերիոսն ասում է Քրիստոսի մասին. «Առանց նախորդող մահվան ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ հարությունը» (Severo d’Antiochia, Antiiulianistica, Beirut 1931, 194s)։ Քրիստոսի հարությանը մասնակից լինելու համար Մարիամը նախ պետք է կիսեր Նրա մահը։
- Նոր Կտակարանը ոչ մի տեղեկություն չի հաղորդում Մարիամի մահվան հանգամանքների մասին։ Այս լռությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն տեղի է ունեցել բնականոն կերպով՝ առանց որևէ առանձնահատուկ հանգամանքի, որն արժանի լիներ հիշատակության։ Եթե այդպես չլիներ, ինչպե՞ս կարող էր այդ տեղեկությունը թաքնված մնալ ժամանակակիցներից և որևէ կերպ չհասնել մեզ։ Ինչ վերաբերում է Մարիամի մահվան պատճառներին, հիմնավորված չեն թվում այն տեսակետները, որոնք ցանկանում են նրա համար բացառել բնական պատճառները։ Ավելի կարևոր է ուսումնասիրել Կույսի հոգևոր վերաբերմունքը այս աշխարհից հեռանալու պահին։ Այս առնչությամբ Սուրբ Ֆրանցիսկոս դը Սալը կարծում է, որ Մարիամի մահը տեղի է ունեցել սիրո հափշտակության հետևանքով։ Նա խոսում է «սիրո մեջ, սիրո պատճառով և սիրո համար» մահանալու մասին՝ այդ պատճառով հասնելով այն հաստատմանը, որ Աստվածամայրը մահացավ իր Որդու՝ Հիսուսի հանդեպ սիրուց (San Francesco di Sales, Traité de l’Amour de Dieu, Lib. 7, c. XIII-XIV)։ Ինչպիսին էլ որ լիներ այն օրգանական և կենսաբանական իրողությունը, որը ֆիզիկական առումով պատճառ դարձավ մարմնի կյանքի դադարեցմանը, կարելի է ասել, որ այս կյանքից մյուս կյանք անցնելը Մարիամի համար շնորհի հասունացումն էր փառքի մեջ, այնպես որ երբեք այնպես, ինչպես այդ դեպքում, մահը չէր կարող ընկալվել որպես «ննջում»։
- Եկեղեցու որոշ Հայրերի մոտ գտնում ենք այն նկարագրությունը, թե Հիսուսն Ինքը գալիս է իր մորը վերցնելու մահվան պահին՝ նրան երկնային փառքի մեջ առաջնորդելու համար։ Այսպիսով, նրանք Մարիամի մահը ներկայացնում են որպես սիրո իրադարձություն, որը նրան առաջնորդեց դեպի իր աստվածային Որդին՝ Նրա անմահ կյանքին հաղորդակից դառնալու համար։ Իր երկրային գոյության ավարտին նա, ինչպես Պողոսը և նրանից առավել, ապրած կլինի մարմնից բաժանվելու և Քրիստոսի հետ հավիտյան լինելու ցանկությունը (հմմտ. Փիլիպ. 1, 23)։
Հովհաննես Պողոս II Պապ — 25 հունիսի 1997 թ.

