in

Երեխաներին բացատրել Գալստյան պսակը

advent-wreath-1879730_640
Լուսանկարը՝ Myriams-Fotos-ի, Pixabay-ից

Արի՛, ճշմարիտ Լույս, դու, որ լուսավորում ես ամեն մարդու։ Լուսավորի՛ր մեր խավարը, և այլևս չենք վախենա, որովհետև Դու՝ Հիսուս, լույս ես մեր ճանապարհին։ Շնորհի՛ր մեզ քո լույսը փոխանցել մեր եղբայրներին։ Ամեն։

Գալստյան պսակը Սուրբ Ծննդյան խորհրդանիշ է, որն ուղեկցում է մեզ Սուրբ Ծննդին նախորդող չորս կիրակիների ընթացքում՝ մինչև Տիրոջ Ծննդյան օրը։

Այն պատրաստվում է եղևնու, սոճու կամ դափնու ճյուղերից կազմված մեծ օղակից՝ զարդարված կարմիր ժապավեններով, որի վրա տեղադրվում են չորս մոմեր։ Դրանք տանն աստիճանաբար վառում են՝ ամեն կիրակի մեկական։

Այս պսակը բազմաթիվ խորհրդանիշներ է պատկերում․

Նախ՝ շրջանաձև ձևը․

Շրջանը համարվում է կատարյալ երկրաչափական պատկեր, քանի որ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ․ այն խորհրդանշում է մեր Աստծուն՝ հավիտենական և անփոփոխ, ինչպես նաև Եկեղեցու ժամանակը, որը տարեցտարի տոնում է Հիսուսի Մարմնավորման, մահվան և Հարության խորհուրդը՝ տարիների անվերջ հաջորդականությամբ, մինչև Պարուսիայի վերջին օրը, երբ Հիսուսը կվերադառնա փառքով…

Երկրորդ՝ սոճու ճյուղերը․

Ծառը հիշեցնում է մեզ կյանքի ծառը, որ աճում էր երկրային դրախտում (տե՛ս Ծննդոց 2,9), և, հետևաբար, նաև խաչի ծառը, որով Հիսուսը մարդուն ազատեց մեղքի և մահվան ստրկությունից։

Երրորդ՝ մոմերի լույսի խորհրդանիշը․

Այն խորհրդանշում է Հիսուսին՝ աշխարհի ճշմարիտ Լույսին, որ եկավ՝ լուսավորելու յուրաքանչյուր մարդու։ Նշանակալից են այն օրհներգերից մեկի խոսքերը, որով Եկեղեցին սկսում է առավոտյան աղոթքը․

«Գիշե՛ր, խավա՛ր ու մո՛գ, փախե՛ք, լույսն է մտնում, գալիս է Քրիստոս Տերը…»

Չորս մոմերի աստիճանական վառումը՝ կիրակիից կիրակի, մինչև Սուրբ Ծնունդ, հիշեցնում է մեզ փրկության պատմության փուլերը և խորհրդանշում մարգարեական լույսը, որը լուսավորում էր Մեսիայի գալստյանն սպասելու գիշերը։

Այս ընթացքը կարող ենք դիտել Աստվածաշնչի չորս կարևոր դեմքերի միջոցով, որոնք ուղեկցում են մեզ փրկության խոստումից մինչև դրա իրականացումը․

1-ին մոմ․ Փրկության խոստումը՝ մեր հայր Աբրահամի՝ հավատի մեջ։
Աստված ուխտ է կնքում Աբրահամի հետ և նրան խոստանում սերունդ, որի միջոցով բոլոր ազգերը պիտի օրհնվեն։ Աբրահամը, հնազանդվելով Աստծո ձայնին, ճանապարհ է ընկնում՝ չիմանալով, թե ուր է իրեն տանելու ՅԱՀՎԵՆ, և վստահելով Նրա խոստմանը․ «Քեզնից մի մեծ ժողովուրդ պիտի կազմեմ և պիտի օրհնեմ քեզ» (տե՛ս Ծննդոց 12,2)։

2-րդ մոմ․ Մեսիայի գալստյանն սպասումը՝ Եսայի մարգարեի միջոցով։
Մարգարեների միջոցով Աստված կենդանի է պահում Իր ժողովրդի հույսը և ավետում Փրկչի գալուստը։ Նրանցից Եսային, Հիսուսի ծնունդից մոտ 750 տարի առաջ, կանխագուշակում է Նրա գալուստը՝ զորացնելով, մխիթարելով և վճռականորեն հորդորելով հրեա ժողովրդին, որպեսզի չկորցնի մի օր Նրան իր մեջ տեսնելու հույսը։

3-րդ մոմ․ Հիսուսի գալստյանը պատրաստվելը։ «Gaudete» կիրակին։
Հովհաննես Մկրտիչը կոչ է անում դարձի գալ և պատրաստում է ժողովրդին՝ ընդունելու Մեսիային։ Նա է արժանանում Հիսուսին հանդիպելու և բոլոր ժամանակների մարդկանց Նրան մատնացույց անելու շնորհին․ «Ահա՛ Աստծու Գառը, ահա՛ նա, ով վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1,29)։ Այս կիրակի պատարագը բազմիցս հրավիրում է մեզ ուրախանալու եկող Տիրոջով։

4-րդ մոմ․ Խոստման իրականացումը՝ Մարիամի միջոցով։
Մարիամն ընդունում է Աստծո ծրագիրը և Գաբրիել հրեշտակին ասած իր «այո»-ով դառնում Հիսուսի՝ սպասված Փրկչի մայրը, որի միջոցով Աստված իրականացնում է յուրաքանչյուր մարդու համար նախատեսված Իր փրկության ծրագիրը։

Պսակի կենտրոնում տեղադրված 5-րդ մոմով տոնում ենք Տիրոջ Սուրբ Ծնունդը։ Խոստումն իրականացավ․ Հիսուսը մարմնով եկավ երկու հազար տարի առաջ, իսկ մենք վստահությամբ սպասում ենք ժամանակների վախճանին Նրա փառավոր վերադարձին, ինչպես ամեն կիրակի դավանում ենք Հավատո հանգանակում․ «…և դարձյալ պիտի գա փառքով՝ դատելու ողջերին և մեռելներին»…

Sassoferrato_santa_cecilia_1635-50_ca._03

Սուրբ Կեսիլիա, նահատակ — նոյեմբերի 22