
Նա մեծ աղոթող էր՝ շատ էր աղոթում և խորությամբ։ Ժամեր ու ժամեր՝ ծնկաչոք։ Ապա իր կյանքի բազմաթիվ ժամերը նվիրում էր ծառայությանը։
Նա վստահում էր Աստծո Նախախնամությանը և Տիրամորը, որոնց էր վստահում իր բոլոր նախաձեռնությունները։ Նրա մտահոգությունն էր սովորեցնել աղոթել, քանի որ հավատում էր, որ ով լավ աղոթում է, նաև սովորում է սիրել և ծառայել։
Շատ հայտնի է աղոթքի ամենամյա դպրոցը, որին մասնակցել են հազարավոր երիտասարդներ և վերագտել երկրպագությունը, խոստովանությունը, Ավետարանի շուրջ խորհրդածությունն ու սրտի աղոթքը։
Ոգեշնչվելով Շառլ դը Ֆուկոյից՝ նա ապրել է անապատի փորձառությունը և օգնել բազմաթիվ մարդկանց ապրել այն։ Ամեն տարի նա իր նվիրյալների հետ 40 օրով առանձնանում էր աղոթելու և խորհրդածելու համար։ Այդ ընթացքում պատրաստում էր տարվա բոլոր քարոզներն ու աղոթքները, այդ թվում՝ Ավագ ուրբաթ օրվա Անառակ որդու մասին սքանչելի քրիստոնեական ուսուցումը, որի միջոցով Զատկի եռօրյակի ընթացքում հարյուրավոր երիտասարդների առաջնորդում էր դեպի խոստովանություն։ Այդ առիթներով ինքն ու եղբայրության մյուս քահանաները օրական 10-12 ժամ խոստովանություն էին ընդունում։
«Տղաների քաղաքում», որտեղ նա ընդունում էր որբերին, իսկ այսօր ընդունվում են աղքատները, ընտանիքները և հիվանդները, 1959 թվականից ի վեր անդադար երկրպագություն է կատարվում։ Այն շնորհների աղբյուրն է, որոնց վկան է եղել նա։
Նրա քրիստոնեական ուսուցումները մինչ օրս մեծ պահանջարկ ունեն համացանցում և նրա գրքերում։ Սոսկ բառերով աղոթելու դեմ նրա պայքարն օգնել է շատերին աղոթքի մեջ սերը վերագտնել՝ այսինքն՝ ոչ թե պարզապես բառեր ասել, այլ մտածել, թե ինչ ենք աղոթում, և աղոթքի կենտրոնում դնել սիրտն ու կյանքի կոնկրետ իրավիճակները։
Կարող ենք ասել, որ նա այսօր էլ շատերին աղոթել է սովորեցնում և օգնում է աճել՝ աղոթքն ապրելով ոչ թե որպես ձևականություն, այլ որպես հանդիպում Աստծո հետ, ով հոգ է տանում մեր մասին, բուժում է մեզ, լսում է մեզ և խոսում մեզ հետ։ «Սրտի աղոթքը» և «պարզության աղոթքը», որոնց վարպետն էր նա, սյուներ են բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել են նրան։
«Աստծուն ուրախություն պարգևեք՝ լսելով Նրան»,— ասում էր նա։ Մինչ օրս Գասպարինոյին լսելը ուրախություն է, որը տանում է դեպի Աստված։
Պաոլո Բոտտի
ՀԱՅՐ ԱՆԴՐԵԱ ԳԱՍՊԱՐԻՆՈՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Աղոթքն ու սերը հասնում են անհնարինին»։ Այս խոսքերը գրված են հայր Անդրեա Գասպարինոյի՝ միսիոներ քահանայի և հոգևոր ուսուցչի գերեզմանին (1923 թ. ապրիլի 7 – 2010 թ. սեպտեմբերի 26)։ Պատերազմից հետո նա սրտացավ եղավ փողոցում ապրող բազմաթիվ որբերի սոցիալական ու տնտեսական ծանր վիճակի համար։ 1947 թվականին Կունեոյի սեմինարիայում քահանայական ձեռնադրություն ստանալուց հետո նա հովվական ծառայություն է կատարել Ռոկկավիոնեի ծխում՝ սկսելով իր շուրջ հավաքել ծանր պայմաններում ապրող տղաներին։ 1951 թվականի հոկտեմբերի 7-ին նա այդ տղաներին հավաքեց Կունեոյի «Տղաների քաղաքում»։ Համայնքի գործին 1955 թվականին միացան նվիրյալ քույրերը։ 1960-ականներին հայր Գասպարինոյի երազանքն իրականություն դարձավ, երբ միսիոներական գործունեությունն ընդլայնվեց աշխարհի ամենաաղքատ երկրներում։ Առաջին առաքելությունը Բրազիլիայում էր, ապա՝ Ասիայում, Աֆրիկայում և Արևելյան Եվրոպայում՝ Ռուսաստանում ու Ալբանիայում։ Նա նոր առաքելություններ հիմնեց Կորեայում, Մադագասկարում, ապա՝ Քենիայում, Եթովպիայում, Բանգլադեշում և Հոնկոնգում։
Հայր Գասպարինոն ավելի քան 50 տարի ղեկավարել է երիտասարդների աղոթքի դպրոցը «Տղաների քաղաքում», որտեղ երիտասարդների սերունդներ նրանից սովորել են պարզ, հետևողական ու խստապահանջ ապրելակերպ՝ տոգորված աղոթքով ու վկայությամբ։ Նա «Հայր դը Ֆուկոյի միսիոներական հայեցողական շարժման» հիմնադիրն է։
Շարժման եղբայրությունները եղբայրների և քույրերի փոքր վանական համայնքներ են, որոնք ապրում են աղքատների մեջ՝ տնակային ավաններում, տնակներում ապրողների կողքին, բորոտանոցներում՝ կիսելով աղքատների կյանքը և վկայելով աղոթքի առաջնայնության մասին։
Այսօր Շարժումը տարածված է Եվրոպայում (Իտալիա, Անգլիա, Ռուսաստան, Ալբանիա), Աֆրիկայում (Մադագասկար, Քենիա, Եթովպիա), Ասիայում (Բանգլադեշ, Հոնկոնգ) և Լատինական Ամերիկայում (Բրազիլիա)։
Շարժման ուսումնական կենտրոնը գտնվում է Կունեոյում (Իտալիա)։
Նրա հոգևոր և միսիոներական փորձառությունից ծնվել են բազմաթիվ գրքեր (հրատարակվածներից վերջինը՝ «Պարզության աղոթքը»), որոնք արդեն լայնորեն հայտնի և գնահատված են ամբողջ աշխարհում։ Դրանք առաջարկում են աղոթել սովորելու և այսպես կոչված «սրտի աղոթքը» կիրառելու մեթոդ. դա խոր աղոթքն է, որի մեջ մարդն ու Աստված հանդիպում են և լռության մեջ սիրում միմյանց։ 1990 թվականին Սուրբ Աթոռը պաշտոնապես ճանաչեց «Հայր դը Ֆուկոյի միսիոներական հայեցողական շարժումը»։ Այսօր համայնքը բաղկացած է մոտ տասը քահանայից և 100 նվիրյալ եղբայրներից ու քույրերից, որոնք աշխարհի տարբեր վայրերում սփռված տասնյակ եղբայրություններում են։
© Tutti i diritti riservati. Riproduzione consentita solo chiedendo permesso a info@amicidilazzaro.it
(non verrà concesso a siti con pubblicità/ads o per usi commerciali)
© All rights reserved. Reproduction allowed only with permission from info@amicidilazzaro.it
(it will not be granted to sites with advertising/ads or for commercial uses)

