
Մարտի 25-ի առավոտյան պահապան հրեշտակն ասում է նրան (Սուրբ Ջեմմա Գալգանիին).
Չգիտեի՝ ինչ մտածել. զարմացա՝ լսելով այդ խոսքերը։ «Դուստր»,— շարունակեց նա,— «ես քո պահապան հրեշտակն եմ՝ Աստծուց ուղարկված. եկել եմ քեզ մի խորհուրդ հայտնելու, որն ավելի մեծ է, քան մյուս բոլոր խորհուրդները»։
Զարմանքս ավելի մեծացավ, դեռ չէի հասկանում… Իմ հրեշտակը նկատեց դա և ասաց ինձ. «Հիշո՞ւմ ես, թե տասներկու օր առաջ ինչ խոստացա քեզ»։ Մտածեցի և շուտով հիշեցի։ «Իմացի՛ր, դուստր իմ, որ քեզ կխոսեմ Սրբուհի Մարիամի՝ մի այնպիսի երիտասարդ աղջկա մասին, որը խոնարհ էր աշխարհի աչքում, բայց անսահման մեծ՝ Աստծո առաջ. կխոսեմ բոլոր արարածներից ամենագեղեցիկի ու ամենասրբի՝ Բարձրյալի սիրելի դստեր մասին, նրա, ով նախասահմանված էր ստանալու Աստծո Մայր լինելու անզուգական արժանապատվությունը»
… Արդեն ուշ գիշեր էր, և Սրբուհի Մարիամն իր սենյակում մենակ էր. աղոթում էր՝ ամբողջովին Աստծով տարված։ Հանկարծ այդ խղճուկ սենյակում մեծ լույս է սփռվում, և հրեշտակապետը՝ մարդկային կերպարանք առած ու անթիվ հրեշտակներով շրջապատված, մոտենում է Մարիամին՝ ակնածալից և միաժամանակ վեհաշուք։ Նա խոնարհվում է նրա առաջ՝ որպես Տիրուհու, ժպտում՝ որպես ուրախ լուրի ավետաբեր, և քաղցր խոսքերով ասում նրան. «Ողջո՜ւյն, ո՛վ Մարիամ, Տերը քեզ հետ է։ Դու օրհնյալ ես կանանց մեջ»։ Ո՜վ գեղեցիկ, ո՜վ մեծ ու վսեմ ողջույն, որին երկրի վրա երբեք չէին լսել և երբեք էլ չեն լսի։
… «Հենց որ երկնային հրեշտակապետն արտասանեց այս խոսքերը, լռեց՝ կարծես սպասելով նրա նշանին, որպեսզի բացատրի իր աստվածային պատգամը։ Սակայն Մարիամը, լսելով զարմանալի ողջույնը, շփոթվեց. լռում էր ու խորհում։ Բայց մի՞թե կարծում ես, դուստր իմ, որ դրախտի հրեշտակները երբեք չէին իջել Մարիամի մոտ։ Նա ամեն պահ վայելում էր նրանց այցելություններն ու քաղցր զրույցները… Նա իր մտքում չէր փորձում քննել խորհրդավոր իմաստը, այլ շփոթվում էր, որովհետև իրեն արժանի չէր համարում հրեշտակային ողջույնին։ Ա՜խ, դուստր իմ»,— կրկնում էր նա ինձ,— «եթե Մարիամն իմանար, թե որքան էր իր խոնարհությունը հաճելի Տիրոջը, իրեն անարժան չէր համարի հրեշտակի մեծարանքին։ «Ինչպե՞ս կարող է պատահել»,— ասում էր նա ինքն իրեն,— «որ Աստծո հրեշտակն ինձ շնորհով լի կոչի, մինչդեռ ես ինձ արժանի չեմ համարում Աստծո որևէ բարեհաճության։ Ինչպե՞ս կարող է պատահել»,— խորհում էր Մարիամն ինքն իրեն,— «որ դրախտի հրեշտակն ինձ կանանց մեջ օրհնյալ կոչի, երբ ես կանանցից ամենաանպետք, ամենանվաստ ու ամենաարհամարհվածն եմ։ Ի՞նչ խորհուրդ է թաքնված այսպիսի վեհ ողջույնի քողի տակ…»
«Հրեշտակի ողջույնին Մարիամը ոչինչ չպատասխանեց. այդժամ Գաբրիելը, որպեսզի փարատի նրա վախը, այսպես կրկնեց. «Մի՛ վախեցիր, ո՛վ Մարիամ, դու միակն ես, որ շնորհ գտար Բարձրյալի առաջ։ Այս պահից քո որովայնում որդի կհղիանաս, նրա անունը Հիսուս կդնես, և բոլորը նրան Բարձրյալի Որդի կկոչեն. նրան կտրվի Դավթի գահը, նա հավիտյան կթագավորի, և նրա թագավորությունը վերջ չի ունենա»։ Այս վսեմ խոսքերով հրեշտակապետը Մարիամին լիովին բացատրում էր իր պատգամը…
«Հրեշտակն արդեն հայտնել էր Կույսին մեծ առաքելության գաղտնիքը, այն է՝ որ նա պետք է դառնար Բարձրյալի Որդու մայրը։ Բայց նա, դառնալով դեպի հրեշտակը, այսպես ասաց նրան. «Ինչպե՞ս կարող է դա լինել, երբ պահպանում եմ իմ կուսական մաքրությունը» (Եսայի մարգարեի մարգարեության մեջ արդեն կանխասվել էր, որ Քրիստոսը պետք է ծնվեր կույս մորից)… Իմացի՛ր,— այստեղ ինձ ասաց իմ հրեշտակը,— «որ Սրբուհի Մարիամը, աննախադեպ օրինակով, դեռ իր մանկության տարիներից իր կուսական ծաղիկը նվիրել էր մաքուր հոգիների երկնային Փեսային և, թեև ենթակա չէր ըմբոստ ցանկասիրության մղումներին, այնուամենայնիվ չէր զլացել իր շուշանները պահպանել ինքնազսպման փշերի մեջ։
«Խորհի՛ր,— ասում էր նա ինձ,— թե ինչպես Սրբուհի Մարիամը լռեց մեծ խորհրդին վերաբերող ամեն ինչի մասին և միայն խոսեց ու մտահոգվեց, երբ խոսքը հասավ իր մաքուր ու անբիծ կուսությանը, և մտահոգ հարցով դիմեց Աստծո հրեշտակին… Հասկացա՞ր, դուստր, թե որքան էր Մարիամը սիրում այս գեղեցիկ, հրեշտակային, երկնային առաքինությունը։ Բայց ո՞վ, կարծում ես, ավելի շատ էր սիրում այն՝ Հիսո՞ւսը, թե՞ Մարիամը։ Անշուշտ՝ Հիսուսը, որը երբեք իրեն մայր չէր ընտրի, եթե նա մաքուր ու անարատ կույս չլիներ։
Գաբրիել հրեշտակը պատասխանեց. «Մարիա՛մ, Սուրբ Հոգին կիջնի քեզ վրա, Բարձրյալի վսեմ զորությունը հովանի կլինի քեզ, ուստի քեզնից ծնվելիք սուրբը ճշմարիտ Աստծո Որդին կլինի։ Այս առիթով նաև հայտնում եմ քեզ, որ Եղիսաբեթը՝ քո ազգականը, ծերության օրոք որդով է հղիացել, և նա, ում ամուլ էին համարում, արդեն վեցերորդ ամսում է, որովհետև Աստծո համար անկարելի բան չկա»։ Գաբրիել հրեշտակը շարունակեց՝ դիմելով Սրբուհի Մարիամին. «Վստահ եղիր և մխիթարվիր, ո՛վ օրհնյալ Կույս. աստվածային Հոգին է, որ կիջնի ու պտղաբեր կդարձնի քո անարատ արգանդը։ Բարձրյալի ամենազոր զորությունը քո մեջ նոր հրաշք կգործի, որը, միաժամանակ պահպանելով քո կուսական պատիվը, քեզ մայր լինելու բերկրանք կպարգևի։ Նա, ում կհղիանաս քո որովայնում, այլ ոք չի լինի, քան Աստծո Որդին»։ Այս խոսքերով Գաբրիել հրեշտակապետը բացահայտում էր գաղտնիքը, բացատրում խորհուրդը և հանգստացնում Մարիամին։
«Այժմ ամեն ինչ պարզաբանված էր. մնում էր միայն Մարիամի վերջին խոսքը, որպեսզի Կույսը դառնար Աստծո Մայրը։ Աստվածային Բանը, որ ծնվել էր Հորից սրբերի փառքի մեջ, երկրի վրա հայր չպետք է ունենար, ինչպես որ երկնքում մայր չուներ։ Եվ Մարիամը, ընտրված լինելով որպես աստվածային Հոր Միածնի մայր, դառնում էր հենց Հոր միածին դուստրը։ Քանի որ նա իր կուսական էությունից աստվածային Բանին մարդկային մարմին պետք է տար, բարձրացվում էր Աստծո Որդու մայր լինելու անպատմելի արժանապատվությանը։ Քանի որ Մարիամն էր նա, որի վրա պիտի իջներ Սուրբ Հոգին և իր ամենազոր զորությամբ հովանի լինելով՝ նրան Աստծո Որդու կույս մայրը դարձներ, ուստի նա բարձրացվում էր Սուրբ Հոգու հարս լինելու վսեմ պատվին։
«Գաղտնիքը բացահայտելուց և Կույսին լիովին հանգստացնելուց հետո աստվածային պատգամաբերը լռեց՝ անհամբեր սպասելով նրա պատասխանին, այսինքն՝ Մարիամի համաձայնությանը Հավիտենական Բանի մարմնավորմանը… և նա պատասխանում է. «Ահավասիկ Տիրոջ աղախինը. թող ինձ լինի ըստ քո խոսքի»։ Մեծ խոսքն արտասանվում է. Մարիամը դառնում է Բարձրյալի Որդու մայրը։ Այս խոսքերից երկինքը ցնծում է, ամբողջ աշխարհը մխիթարվում։ Հրեշտակը ակնածանքով խոնարհվում է իր Տիրուհու առաջ, ապա թևածում ու վերադառնում դրախտ։
Մարիամը, ընդունելով Աստծո Մայր լինելու գերագույն արժանապատվությունը, խոնարհաբար իրեն Տիրոջ աղախին էր հռչակում։ Այդ խորագույն խոնարհությունը, որի մեջ նրան գտավ Տիրոջ հրեշտակը՝ աղոթքի մեջ խորասուզված ու ասես ինքնամոռաց, չլքեց նրան ո՛չ փառավոր ողջույնի և ո՛չ էլ աստվածային Բանի Մայր դառնալու առավել փառավոր առաջարկի պահին։
«Մարիամն այդժամ արտասանեց իր զարմանալի «եղիցի»-ն, և մի ակնթարթում աստվածային Հոգին նրա որովայնում՝ նրա ամենամաքուր կուսական էությունից, կազմավորեց քնքուշ ու կատարյալ փոքրիկ մարմին և դրան միացրեց մարդկային հոգի։ Ապա այդ հոգուն ու մարմնին միացավ Բանի աստվածային Անձը՝ ամենասերտ հիպոստատիկ միությամբ։ Ո՜վ հրաշք։ Այն Աստվածը, որին երկինքների ողջ ընդարձակությունը չի կարող պարփակել, փակված է Մարիամի արգանդում։ Այն Աստվածը, որ մեկ մատով պահում է տիեզերքի հսկայական կառուցվածքը, պահվում է մի կույսի մաքուր արգանդում։ Ուրեմն ո՞վ կարող է նկարագրել, թե ինչպիսի՜ բերկրանք ողողեց ու բոցավառեց Մարիամի հոգին այն երջանիկ պահին, երբ նա դարձավ Աստծո Որդու մայրը։ Թագավորների Թագավորը՝ տիրակալների մեծ Տերը, իր գահը հաստատեց Մարիամի անբիծ արգանդում։ Անսահման բերկրանքը հեղեղեց Մարիամին, երբ նա հայացքը հառեց անսահման լույսին ու կարողացավ տեսնել աստվածության խորհրդավոր փառքերը։
«Ընդունելով Աստծո Մայր լինելու անզուգական արժանապատվությունը՝ Մարիամն ընդունում էր նաև մարդկության մայրը լինելու ազնվազարմ պարտականությունը։ Ուրախանա՛նք. Մարիամն իր համեստ համաձայնությունը տալով հրեշտակին՝ որդեգրեց ձեզ որպես զավակներ՝ դառնալով բոլորի մայրը»։

